Գլխավոր Ավելին

Սուր շնչառական հիվանդություններ՝ ախտանիշներից մինչև կանխարգելում և բուժում

Ձմռան ամիսներին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկա շատ են դիմում հետևյալ ախտանիշներով՝ ջերմության բարձրացում, դող, գլխացավ, հազ, բկանցքի ցավ, քթահոսություն, մկանացավեր:

Սուր շնչական հիվանդություններին (պարագրիպ, ռինովիրուս, կորոնավիրուս, ադենովիրուս,ռեսպիրատոր սինցիտիալ վարակ- RSV), այդ թվում գրիպին բնորոշ է սեզոնայնությունը՝ պայմանավորված ցուրտ եղանակին հարուցիչների պահպանման և տարածման նպաստավոր պայմաններով (օր՝ մարդկանց կուտակումներ չօդափոխվող փակ տարածքներում):

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Լուսինե Հարությունյանը նշում է, որ 2021 թվականին, չնայած առավել տարածված էր կորոնավիրուսային վարակը, գրիպ А-ի դեպքեր նույնպես գրանցվել են այս ժամանակահատվածում ՀՀ-ում ըստ ԱՀԿ-ի տվյալների ՝ H3 ենթատեսակը, 2023թ. H1N1-ն է գերակշռում:

Հիմնական ախտանիշներն են՝

ջերմության բարձրացում հաճախ մինչև 40ՕC,

դող,

սարսուռ,

գլխացավ,

ցավ ակնագնդերի շրջանում,

մկանացավեր,

բկանցքի ցավեր,

երբեմն նաև փսխում, փորլուծություն:

Ընդ որում՝ հիվանդանում են բոլոր տարիքային խմբերում, սակայն, բժշկի խոսքով, առավել ծանր են տանում երեխաները, տարեցները, ինչպես նաև ռիսկի խմբի՝ հղիներ, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի խրոնիկ հիվանդություններով, շաքարային դիաբետով, ճարպակալումով, իմունային անբավարարությամբ անձիք:

Լուսինե Հարությունյանը նշում է, որ հիմնական ծանր բարդությունը թոքաբորբի զարգացումն է՝ հարուցված ինչպես վիրուսով, այնպես էլ հետագայում երկրորդային վարակի միացմամբ, որը կարող է բերել ծանր շնչական անբավարարության: Դիտվում է նաև քթի հարակից խոռոչների բորբոքում (հայմորիտ, ֆրոնտիտ), օտիտ:

Բժիշկը շեշտում է՝ եթե կա օդի պակասի զգացում, դժվարաշնչություն, գլխապտույտ, գիտակցության խանգարում, 5 օրից ավելի կայուն ջերմության բարձրացում անպայման դիմել բժշկի:

Կանխարգելում և բուժում

Սուր շնչառական հիվանդություններից խուսափելու նպատակով բժիշկ Հարությունյանը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, մնալ տանը հիվանդ լինելու դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ: «Կարևոր է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը յուրաքանչյուր տարի՝ հատկապես ռիսկի խմբի անձանց»,-նշում է բժիշկը:

Ինչ վերաբերում է բուժմանը, բժշկի խոսքով, եթե պացիենտը ռիսկի խմբում չէ, ապա բավական է սիմպտոմատիկ բուժումը՝ առատ հեղուկների օգտագործում, ջերմիջեցնողներ: Սակայն եթե կա հղիություն, վաղ մանկական տարիք և քրոնիկ հիվանդություններ անհրաժեշտ է վաղ իրականացնել հետազոտություն և գրիպի հաստատման դեպքում սկսել հակավիրուսային բուժում օզելտամիվիրով (տամիֆլու), քանի որ այս խմբում բարդությունների վտանգը մեծ է:

Մասնագետը նկատում է, որ մեր բնակչության շրջանում ամենատարածված սխալն է հակաբիոտիկի ինքնուրույն օգտագործումը բարձր ջերմության, բկանցքի ցավերի, հազի ժամանակ: «Հակաբիոտիկը ջերմիջեցնող չի, այն անհրաժեշտ է կիրառել միայն հստակ ցուցումների դեպքում՝ բժշկի նշանակմամբ, այլապես այն ոչ միայն չի օգնի, նույնիսկ կվնասի»,-ասում է բժիշկը:

×
facebook sharing button facebook